«Հազվագյուտ են չծաղկազարդված գրքերը։ Ասում են հազվագյուտ են, որովհետև եթե գրքեր կան, որ չեն նկարազարդել ծաղկող-նկարիչները, ապա գոնե գրիչը, նույնիսկ նկարել չիմացող, կարմիր թանաքով հատուկենտ զարդ է արել այս ու այն երեսին»։
Վիգեն ԽԵՉՈՒՄՅԱՆ
«Գիրք գրոց»
ՆԱԽԵՐԳԱՆՔԸ` ԱՀԱԶԱՆԳ
Եվ ահա մենք հերթական անգամ քաղում ենք մեր գահավիժող բարեվարքության պտուղները։ «Անկախության հռչակագրի» շեփորումից վարկյաններ անց նորամանուկ հայկական անկախ պետականության քաղաքական, հանրային և մշակութային ընտրանին զինվեց վարդագույն ակնոցով և անտեսեց հարևան սպանդանոց արյունապետության, այն է` Թուրքիայի և Ադրբեջանի հեռահար վտանգը, բավարարվելով դիվանագիտական խաղարկումներով։ Սահմանի բացման և առևտրաշրջանառության մեծացման հրապուրանքն այդպես էլ չլքեց մեզ, վերջերս էլ փորձում էինք կամուրջ կառուցել և ապահովել նախճիրահոտ երկոտանի ոհմակի ազատ ելումուտը... Քիրվայության հատկապես խորհրդային ժամանակաշրջանում փթթող ինտերնացիոնալ պղծանքը դաժանորեն արմատակալել էր մեր սրտում, մեր հայկական առնական ու ազնվական հոգին այդպես էլ խորքով չգնահատեց թուրք երևույթը նրա ողջ առեղծվածային դիվայնությամբ։ Սակայն բավ է, անցնենք իրատեսական խնդիրներին։ Եվ մինչև բուն ասելիքը, առաջարկս ներկա քաղաքական և հանրային, մշակութային ու քաղաքացիական վերնախավերին (իշխանությանն ու ընդդիմությանը միաժամանակ)` ՀՀ-ի և ԱՀ-ի բնակիչների թուրքական ծագում ունեցող տոհմանունները իսպառ վերացնել, դարձնել հայեցի։ Թուրքական արմատ ունեցող ազգանունները դեռ կան, սղոցում են միտքդ և հոգիդ հատկապես այս օրերին, երբ հրեշը փորձում է ճարակել երկիրը, ընդ որում բացեիբաց, առանց դիվանագիտական սահանկումների, չխորշելով իր եղեռնագործ հավակնություններից և թքելով քաղաքակիրթ աշխարհի կիրթ ճակատին։ Համոզված եմ, որ թուրքածագում տոհմանունները, առհասարակ թուրքին և թուրքականը հիշեցնող ամեն բան պետք է չեղարկվեն օրենքի ուժով, ՀՀ և ԱՀ խորհրդարանների հրավիրած արտահերթ նիստերում։
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿԸ` ԱՊՏԱԿ ՄԵԶ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը 2018-ին հրապարակ իջեցրեց ռազմավարական մի գործ. «Հայ կերպարվեստի և կիրառական արվեստի կորուստներն Օսմանյան կայսրության տարածքում (համիդյան ջարդերից մինչև մեր օրերը)»։ Ձևով սա պատմական ակնարկ է, բովանդակությամբ` մի ողջ հզոր քաղաքակրթության ցեղասպանության դատավճիռը։ Փոքրածավալ է գիրքը, բայց գերհագեցած է դեպքերով և եղելություններով։ Այն ընթերցելիս միտքդ ակամա շամփրում է զարհուրանքը ահռելի հարցականի տեսքով. իսկ որքա՞ն են պղծել և ոչնչացրել թուրքերն իրենց ողջ տիրակալության ընթացքում։ Թերթենք գիրքը, դրվագենք այն հեռահար նպատակով։
1895-ին կործանվում և պղծվում են Էրզրումի նահանգի Բաբերդ քաղաքի և շրջակա գյուղերի եկեղեցիները, Սբ Գրիգոր Լուսավորիչ և Սբ Քրիստափոր վանքերը, ոչնչացվում են սրբապատկերները։ (Զարմանալի է թուրք հրոսակների ռազմավարությունը. նրանք կամ ոչնչացրել են, կամ էլ պղծել այն, ինչն այդ պահին անհնար էր ոչնչացնել)։ 1894-1896 թվականների ցեղասպանդի ընթացքում ոչնչացան և անհետացան հարյուրավոր միջնադարյան գրչագրեր, պատկերազարդ մագաղաթյա մատյաններ ու հնատիպ գրքեր։ Եդեսիայի եկեղեցիներից մեկում կողոպտվում է ոսկեզօծ և արծաթազօծ զարդանկարներով, պատկերներով և գլխադիրներով հագեցած մի չքնաղ ավետարան, որը նկարազարդել էր Կիրակոս գրիչը, և նվիրված էր Զաբել թագուհուն։
Ի դեպ, սույն Կիրակոսը Թորոս Ռոսլինի ուսուցիչն էր։
Կրակը խարույկի վերածվելով` դառնում էր արյունաքամ զեռունի գլխավոր զենքը։ Լեռնային Կիլիկիայի Մարաշ քաղաքի Սբ Գևորգ եկեղեցու կաշեպատ մատյանները այրվում, ոչնչացվում են։ Խարբերդի նահանգի Ակնի գավառի Բինկա գյուղի Սբ Հրեշտակապետ եկեղեցուն պատկանող, 19-րդ դարի վերջում Կոստանդնապոլսում նորոգված և վերստին կազմված մագաղաթյա նկարազարդ Ավետարանն այդ ժամանակվա գնով գնահատված էր 200-300 օսմանյան ոսկի։ Այստեղ հարց է ծագում։ Ավարառու թուրքն այդ ինչու՞ չէր հավաքում հազարավոր թանկարժեք մատյաններն ու կերպարվեստի մյուս հրաշակերտ նմուշները և, այնուամենայնիվ, ինչու՞ հսկայական այդ գանձարանը չէր վաճառում Եվրոպայում։ Բազմամիլիոն օսմանյան ոսկով կհագենար այս զավթիչ կայսրության մշտապես կիսաքաղց որկորը։ Սա թուրք-օսմանցին չէ՞ր գիտակցում։ Գիտակցում էր, բայց և այնպես նա նախ հետամուտ էր թուրք-օսմանյան ազգային երազանքին` ոչնչացնել հայկական ինքնության հետքերը Հայկական լեռնաշխարհում։ Ոչնչացրին...
Երիտթուրքական հեղաշրջումը մի պահ բթացրեց մեր ազգային ինքնագիտակցությունը և անգամ Գրիգոր Զոհրապի պես եվրոպական գրական մշակույթում իր պատվավոր հանգրվանը գտած լուսավորյալ գրողը լուսավոր ակնկալիքներ ուներ երիտթուրքական կառավարիչներից։ Անզուգական Զոհրապը միակը չէր, հայ մտավորական և վաճառական խավը ևս հավատում էր խաշնարած բարբարոսների անշրջելի քաղաքակրթմանը։ Հավատում էր և սպասում։ Այնինչ դեռ 1909-ի ապրիլին Ադանայի և Հալեպի վիլայեթների հայաբնակ բնակավայրերում նախ հրկիզվեցին, այնուհետև թալանվեցին բազմաթիվ եկեղեցիներ, ոչնչացվեցին բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ Ընդ որում, մագաղաթն այրվում էր, ոսկին և արծաթը ձուլվում էին, եկեղեցին կործանվում էր, ժամանակ անց լեռնային անդարդ քամին քշում էր մոխիրը և առատ բուսնած կանաչագեղ տարածքը մի գարնան դառնում էր նախամարդ-խաշնարածի հայրենիքը։ Տեղին է հիշել, որ ձեռագիր մատյանները, ըստ էության, հաճախ համաշխարհային արժեք ներկայացնող կերպարվեստի մատյան-թանգարաններ էին։ Ահա նրանց նկարագրությունը. գրվածքը մագաղաթի կամ թղթի վրա էր, մատյանները կազմապատված էին կաշվով, թավիշով, ունեին փղոսկրե, արծաթե և ոսկե կողեր, նաև պատյաններ և տուփեր, զարդարվում էին հաճախ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով և այլն։ Մեր նախնիք, այդ զարհուրանքին առերեսվելով, երբեմն կարողանում էին ձեռագրերի մի մասը պահպանել թաքստոցներում։ Բայց բորենու հոտառությամբ օժտված հրոսակը հաճախ հայտնաբերում էր թաքստոցները, և սկսվում էր հերթական խրախճանքը. հրեշը ճարակում էր մշակույթը։ Հրեշը Տաճարի տիրակալն էր։
ՖԱՅԵԶ ԷԼ ՂՈՍԵՅՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԻԿՈՂԱՅՈՍ ՄԱՌԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐԸ
Ծագումով արաբ, թուրքահպատակ Ֆայեզ էլ Ղոսեյնը Խարբերդի գավառապետի տեղակալն էր։ Տարիներ անց նա փաստաբանությամբ էր զբաղվում Դամասկոսում։ Եվ ահա պատահական մի խանութում առևտուր անելիս հանկարծ նկատում է, որ թուրք նպարավաճառները հայկական հին ձեռագրերի և հնատիպ գրքերի թերթերը (նաև մանրանկարներով զարդարված էջերը) գործածում էին որպես նպարեղենի փաթեթավորման էժան թուղթ։ (Թուրքն այս պարագայում բավականին կիրթ էր, նա չէր ճարակում տաճար-մատյանը, ուղղակի օգտագործում էր այն տնտեսական նպատակով)։ Ֆայեզ էլ Ղոսեյնն իր բազում վկայությունները հրապարակել է առանձին գրքով, որին դեռ կանդրադառնանք։
Հռչակավոր Նիկողայոս Մառը 1915-ի հոկտեմբեր ամսին զեկուցագիր է ներկայացնում Սանկտ Պետերբուրգի Կայսերական գիտությունների ակադեմիայի կոնֆերանսին. «Ես ստիպված եմ ժողովի ժամանակը զբաղեցնել մի հարցով, մի շատ տխուր երևույթով, այն է` Վան քաղաքում ու նրա շրջակայքում հնագիտական մեծ արժեք ներկայացնող հարյուրավոր, հնարավոր է նաև հազարավոր ձեռագրերի ոչնչացմամբ... Պատմական հուշարձանների պաշտպանության դիրքերից հանդես եկող որևիցե կազմակերպության բացակայությունը խիստ անպաշտպան վիճակում թողեց ձեռագրերի հավաքածուները, որոնք դարձան բոլոր ցանկացողների բաժինը, ավելի հաճախ` տգետ գիշատիչներինը»։
ԳԻՇԱՏՉԱԿԱՆ ԿՈՒՐԲԱՆ ԲԱՅՐԱՄ, ԵՎ ՊԱՏԱՆՈՒ ՈՂՋԱԿԻԶՈՒՄ
1923-ին, սեպտեմբեր ամսին, մահմեդական Կուրբան Բայրամի զոհաբերության տոնի հենց առաջին օրվա ընթացքում, Մալաթիայում թուրքերը հրկիզում և տոնական խարույկին ի ճարակում են հանձնում քաղաքի հայ բնակիչներից մեկի առանձնատան ներքնահարկի թաքստոցում հայտնաբերված մագաղաթները, գրչագիր ավետարանները, երկու Հայսմավուրք և ձեռագրերի հավաքածուներ։ Բայց դե հրեշը երբեք չի շփոթվում և իր դիվային էությանը տուրք տալով հրաշալի օգտագործում է պատեհ պահը։ Այս խարույկին մոտենալով` ձեռագրերը փորձում է փրկել ընտանիքի արու զավակը` 12-ամյա մի տղա, որին թուրքերը նետում են խարույկի մեջ։
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՅՈԶԵՖ ՄԱՐԿՎԱՐՏԻՆ
Տիար Մարկվարտը նշանավոր հայագետ է, ազգությամբ գերմանացի։ 1919-ին նրան է այցելում մի թուրք սպա և պատմում, որ ցանկանում է մի քանի ձեռագիր վաճառել Բեռլինի Ազգային գրադարանին (National Bibliothek), բայց գրադարանի վարչությունն իրեն հորդորել է ձեռագիր մատյաններն ի գնահատում ներկայացնել պրոֆեսոր Մարկվարտին։ Թուրք սպան սեղանին է դնում մի քանի ձեռագիր, որոնց մեջ էին հրաշալի մանրանկարներով զարդարված երկու մագաղաթյա մատյաններ։ Գիտնականին հետաքրքրում է ներկայացված գանձերի հայտնաբերման աղբյուրը։ Սպան խոստովանում է. «...երբ մենք գերմանական մի վաշտի հետ հարձակվեցինք Վանի մոտերքի գյուղաքաղաքներից մեկի վրա և այնտեղից դուրս քշեցինք ռուսներին և հայերին, զինվորները մտան տեղի վանքը և սկսեցին կողոպտել ու ոչնչացնել այն, ինչ չէին կարող իրենց հետ տանել։ Ես նկատեցի գետնին թափթփված բազմաթիվ գրքեր։ Մի տասը գիրք վերցրի, որոնց մեծ մասը նկարազարդ էր...»։ Մակվարտը նախ վռնդում է կողոպտիչին, ապա ձեռագրերն ու մատյանները ժամանակ անց ի պահ է հանձնում Վիեննայի Մխիթարյանների մատենադարանին, համոզված, որ «հայերի ձեռագրերը պետք է հայերի մոտ կենտրոնանան և ոչ թե ավարառու թուրքերի կամ նրանց միջոցով` եվրոպական գրադարաններում»։
1921 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ՆԱԽՃԻՐԱՀՈՏ ՆԱՄԱԿԸ
Ռիզա Նուրի Բեյը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր էր, նաև Թուրքիայի Հանրապետության կրթության, ապա առողջապահության և սոցիալական օժանդակության նախարարը։ (Այստեղ եկեք հիշենք պատմական մի հանրահայտ ճշմարտություն, այն է` Օսմանյան կայսրության, նաև Թուրքիայի Հանրապետության կրթության, առողջապահության և սոցիալական օժանդակության բնագավառներում մշտապես հանգուցային պաշտոններ են զբաղեցրել հայերը)։ Ռիզա Նուրի բեյը 1921-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի խորհրդականն էր։ Եվ ահա նա արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրին իր նամակում կոչ է անում հիմնահատակ վերացնել Անի քաղաքի հուշարձանների բոլոր հետքերը` «մեծ ծառայություն մատուցելով Թուրքիային»։ Նշյալ բեյի այս որձկումն անհատի ազգայնամոլական դրսևորույթ չէր։ Ամենևին։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, իրականացնելով երիտթուրքական իշխող «Միություն և առաջադիմություն» կուսակցության գերագույն գաղափարը, հրաման է արձակում «ամեն կերպ ջանալ ոչնչացնել բուն «Հայաստան» անվանումը Թուրքիայում»։ Այսինքն, Թուրքիան, անկախ իր կառավարման պետական ձևից, դարեր շարունակ իրականացրել է իր ազգային գերագույն իղձը` իր կողմից հրով, սրով և դավով բռնազավթված Հայկական լեռնաշխարհից աստիճանաբար վերացնել հայկական հետագիծը ցանկացած դրսևորմամբ։ Մի՞թե պատահական է, որ այսօր թուրք-ազերբայջանական հրթիռները հրետակոծում են հայկական եկեղեցիները։ Նաև չմոռանանք, որ տարիներ առաջ մշակութային եղեռն տեղի ունեցավ Ջուլֆայում, երբ ոչնչացվեցին հազարավոր խաչքարեր քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ։ Այսինքն, մենք պատերազմական այս օրերին լրջորեն մտածելու շատ բան ունենք։
Իսկ մենք այսօր, մեր ազատ և անկախ երկրում դեռ քանի՞ թուրքարմատ տոհմանուն ենք պահպանում մինչև օրս։
Է, մի՞թե ժամանակը չէ իսպառ ազատագրվելու յաթաղանահուշ անվանումներից։
(շարունակությունը` հաջորդիվ)
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ